Առողջապահության նախարարը մտահոգիչ թվեր հրապարակեց
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակին։ «Մենք երեկ գրանցել ենք 522 դրական դեպք, իրականացրել ենք 6383 թեստավորում։ Ցավոք սրտի, գրանցվել է 11 մահ։ Այս պահին մենք ունենք 14 ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասորկում են COVID պացիենտներին։ Ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը»,- ասաց նա։
Նախարարի տեղեկացմամբ՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացինետ։ Ընդհանուր հոսպիտալացված և ծանր պացիենտների թվի համամասնությունը, Ավանեսյանի խոսքով, բավական մտահոգիչ է։ «Մենք գիտենք, որ Հայաստանում, ինչպես այլ երկրներում, այս պահին շրջանառվում է դելտա շտամը, որը աչքի է ընկնում ինչպես իր բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով։ Ես արդեն հրապարակել եմ, որ ունենք երիտասարդ պացիենտներ, ովքեր որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, և մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- նշեց նա։
Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ նախարարը նշեց, որ երեկ իրականացվել է 7114 պատվաստում։ Ընդհանուր առմամբ արդեն 267 504 պատվաստում է իրականացվել։ «Եթե նկատում եք, օրական պատվաստման թիվը մենք արդեն հատեցինք 7000-ը, և տենդենցը բավական ակտիվ է, որոշ պոլիկլինիկաներում արդեն հերթեր են գոյանում»։
There are no comments yet.