#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ո՞ր դեպքում աշխատողը կարող է գնալ աշխատանքի առանց բացասական թեստի սերտիֆիկատի

ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե որ դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի վերաբերյալ սերտիֆիկատի:

Հարց. Ո՞ր դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը ներկայացնելու:

Պատասխան. Փաստագրված բացարձակ հակացուցման, հղիության, ամբողջական պատվաստվման, ինչպես նաև մեկ դեղաչափ պատվաստման դեպքում, եթե վերջիններիս դեպքում երկրորդ դեղաչափի համար կոնկրետ պատվաստանյութի սահմանված ժամանակամիջոցը չի լրացել:

#ենթագլխավոր #ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ 2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Oգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է +38․․․+40

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

#ենթագլխավոր #ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Պետական աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

Պետական աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Միջոցառման շրջանակներում գործատուն կստանա՝

1) աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով,

2) աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում` միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի դատարաններ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մարզային շրջայցերը:

Այս անգամ Խորհրդի նախագահի պաշտոնակատարն այցելեց Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի դատարաններ:

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում վերջերս, ԲԴԽ որոշմամբ, Սննանկության գործերով դատարանի երկու դատավորի նստավայր է սահմանվել: Այստեղ Գագիկ Ջհանգիրյանին ներկայացվեցին նորանշանակ դատավորների առջև ծառացած խնդիրները, որոնք առավելապես վերաբերում էին տեխնիկական և գույքային պարագաներով համալրմանը:

Իրավիճակն այլ էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում. շենքն անմխիթար վիճակում էր գտնվում, դատական կարգադրիչների ծառայության իրականացման համար պայմաններ բացարձակապես չկային: «Այս մարզում ամենախայտառակ վիճակը Սիսիանի դատարանի շենքի խնդիրն է, բայց այդտեղ այդ շենքը վերանորոգելը, կահույք փոխելը իմաստ չունի, որովհետև շատ սուղ շենքային պայմաններ ունի: Դատական կարգադիրչները, թող ներեն ինձ, բայց ձերբակալման խուցը շատ ավելի լավ է, քան թե կարգադրիչների սենյակը:

Մեր հույսը ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող դիմացի շենքն է, որտեղից, եթե մենք 500 մետր վերցնենք, վերանորոգենք, ինձ թվում է Սիսիանի շենքի համար բավական է»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շենքային պայմանները բարվոք էին, աշխատակիցներն ունեին որոշ տեխնիկական և գույքային պարագաների համալրման անհրաժեշտություն:

Մարզային հանդիպումն ամփոփվեց Սյունիքի մարզկետրոնում՝ Կապան քաղաքի դատարանում: Գագիկ Ջհանգիրյանը դատարանի աշխատակազմին տեղեկացրեց դատական համակարգում սպասվող բարեփոխումների, ձեռնարկվող միջոցառումների մասին։

Դատարանի աշխատակազմից Խորհրդի նախագահի պաշտոնակատարին տեղեկացրին, որ ունեն շենքի տանիքի վերանորոգման և աշխատակիցների հաստիքների ավելացման խնդիր:

Գագիկ Ջհանգիրյանը, կարևորելով Սյունիքի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, խոստացավ, որ Սյունիքի մարզի դատարանի խնդիրները կլուծվեն ամենասեղմ ժամկետներում. «Խոստանում եմ ձեզ, որ ԲԴԽ-ն Սյունիքի Առաջին ատյանի դատարանի նկատմամբ կցուցաբերի գերուշադրություն՝ ձեր բոլոր խնդիրների լուծման առումով» ,- եզրափակեց Խորհրդի նախագահի պաշտոնակատարը:

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 692 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Հայաստանում մեկ օրվա ընթացքում 6995 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: 370 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 16 դեպք, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-նառողջացած, 4812-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է», - նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Կութ գյուղի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան ժամը 22–23–ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Կութի համայնքապետ Սիմա Չիթչյանը։

«Կրակել են հրաձգային զինատեսակներից։ Կրակոցները եղել են և՛ դիրքերի, և՛ բնակավայրի վրա»,–ասաց նա։

Համայնքի ղեկավարի հավաստմամբ` բարեբախտաբար տուժածներ և վնասներ չկան։

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Արսեն Թորոսյանն ընդհարվել է Նիկոլ Փաշինյանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության երբեմնի նախարար, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի հետ սեփական քաղաքական թիմն այն աստիճանի է գժտվել, որ անգամ խորհրդարանում ոչ ոք չի ցանկանում նրա հետ աշխատել: Նա կառավարությունում աշխատելու տարիներին իր գործունեությամբ հասցրել է հենց թիմում բազում թշնամիներ ձեռք բերել:

Բանն այն է, որ Թորոսյանը նպատակ է ունեցել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո զբաղեցնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնը, սակայն անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ընդհարվել եւ ստիպված է եղել գործուղվել ՀՀ օրենսդիր մարմին:

Այստեղ էլ մեծ ախորժակ ուներ զբաղեցնելու ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, սակայն ՔՊ խմբակցությունը ակնհայտ ցույց է տվել, որ ոչ մի դեպքում նախագահ չի ընտրելու Արսեն Թորոսյանին: Նա որոշել է չխայտառակվելու համար չառաջադրվել: Թորոսյանը կարծել է, որ գոնե հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կստանձնի, սակայն ոչ միայն պաշտոն չեն տվել, այլեւ նա, լինելով բժիշկ, Առողջապահության հանձնաժողովում անդամ չի դարձել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը ընդգրկվել է իր եզակի ընկերներից Արման Եղոյանի ղեկավարած Աժ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ այս հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել ՔՊ-ական Մերի Գալստյանին: Այսինքն՝ Թորոսյանը շանս չունի անգամ իր հետ որեւէ առնչություն չունեցող այդ հանձնաժողովում շարքային անդամ չլինել:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովին, ապա այստեղ անդամներն են անձինք, որոնք կապ չունեն այդ ոլորտի հետ` ՔՊ խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը, Էմմա Պալյանը եւ Հռիփսիմե Հունանյանը:

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Հերթական հանճարեղ միտքն է ճառագել․ Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է․ «Վերջին օրերի խորհրդարանական մարտերից հետո իշխանական խմբակցության պատգամավորների մոտ հերթական հանճարեղ միտքն է ճառագել՝ արգելել պատգամավորներին նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները։ Ինչպես հայտնի է, իշխանական հրահանգով, ՊՊԾ հրոսակախումբը դահլիճում իրավիճակը լարվելուց վայրկյաններ անց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հեռացնում է օթյակից՝ թույլ չտալով տեսանկարահանել եւ լուսաբանել դահլիճի դեբոշները, եւ այդ գործն անում են ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց սմարթֆոններով լայվ մտնելով։ Որպեսզի այդ խայտառակ տեսարանները հանրությանը չհասնեն, նորանոր մեթոդներ է մտածում իշխանությունը։

ՔՊ-ն ներքին քննարկում է արել եւ որոշել, որ կդիմի ԱԺ նախագահությանը՝ այս առումով նոր որոշում ընդունելու առաջարկով, որով կզրկեն հանրությանը իրականությունը տեսնելու վերջին հնարավորությունից։ Սակայն ընդդիմությունը կարծում է, որ դժվար թե նման որոշում ընդունվի, քանի որ դա մեծ աղմուկ կբարձրացնի, առանց այն էլ իշխանությունը չի մարսում լրագրողների տեղաշարժի սահմանափակումները, եւ Ալեն Սիմոնյանն օրերս խոստացավ լուծել օթյակի հարցն ու լրագրողներին այնտեղից այլեւս չհեռացնել»։

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Արցախի հարցը «հետաձգվեց»․ Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է․ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել էր Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել, սակայն այն մերժվեց։ Եվ «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը հանդես էր եկել առաջարկով՝ վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը եւ կոչել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»: Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել։ Համաձայն նախագծի՝ ԱԺ 12 հանձնաժողովների գործունեության ոլորտներում որեւէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար կարեւորագույն նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ՀՀ ԱԺ դերակատարման, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հետ հարաբերությունների զարգացման, հայկական 2 հանրապետությունների միջեւ օրենսդրության մոտարկման եւ այլ հարցերի վերաբերյալ։

Մինչդեռ Արցախի հետ հարաբերությունների շեշտադրումն ու դրանց զարգացումն ունեն սկզբունքային կարեւորություն՝ ընդգծելու համար նաեւ ՀՀ բացառիկ դերակատարումն Արցախի խնդրի լուծման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման առումով։ Երեկ այս առաջարկը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ապա նախաձեռնողի կողմից հանվել շրջանառությունից՝ հետագայում ներկայացվելու պայմանով։

Մեր տեղեկություններով, հետաձգումը տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով, նախագծում ինչ-ինչ փոփոխություններ անելու նպատակով»։

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Արշակ Կարապետյանն իր մտերիմներին ԶՈւ գլխավոր շտաբից տեղափոխում է նախարարության իրեն ենթակա վարչություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը իր մտերիմ մարդկանց Զինված ուժերի գլխավոր շտաբից տեղափոխում է նախարարության իրեն ենթակա վարչություններ: Այս համատեքստում օրերս, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ:

Պարզվում է` Հրաչ Ստեփանյանը բավականին հետաքրքիր անցյալ է ունեցել. նա մինչ այս նոր նշանակումը եղել է ԶՈՒ գլխավոր շտաբի կադրերի վարչության պետ, որին որոշել են բերել նախարարությանը ենթակա վարչություն:

Ստեփանյանը նախկինում եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, որից հետո լքել է ՊՆ-ն, գնացել ոստիկանության զորքեր, ի վերջո կրկին հետ է վերադարձել ՊՆ: Առաջիկայում նման նշանակումներ կրկին կլինեն։

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ինչու է ազատման դիմում գրել Դավթաշենի թաղապետը․ Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը օգոստոսի 20-ին ազատման դիմում է գրել, Մարությանն էլ որոշել է, որ սեպտեմբերի 1-ից այլեւս չի աշխատելու, բայց օրեր անց նրանք հաշտվել են, եւ որոշումը չեղարկվել է։ Ո՞րն է վեճի թեման։

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն իր էջում տեղադրել էր փողոցներում տեղադրված՝ ծխախոտի համար նախատեսված մոխրամանների նկարներ՝ փնթի, այլ աղբով լեցուն, եւ գրել էր․ «Կներեք, էս ի՞նչ ա կամ, ավելի ճիշտ՝ ո՞ւմ սխալն ա»։

Մարդիկ տարածել էին ու քննադատել, որ նման աղբամանները տեղադրվում են, ասենք, մուտքերի մոտ, ոչ թե փողոցներում, որ մարդիկ աղբ նետեն մեջը։ Իսկ սրանք ծխախոտի համար նախատեսված փոքր անցքեր ունեն միայն։

Պարզվում է, որ Մնացականյանի գրառումից մի քանի օր առաջ Դավթաշենի թաղապետը քաղաքապետարանի չաթում եւս բարձրաձայնել է այս խնդիրը եւ նկատել, թե այդ աղբամանները չի կարելի ամեն պատահած տեղ դնել։ Եվ քաղաքապետը կասկածել է, թե թաղապետն ու Մնացականյանը պասերով աշխատում են իրար հետ, իսկ նա աչքով աչք չունի Մնացականյանի հետ եւ ժամանակին նրան ոչ միայն ազատել է Կենտրոնի թաղապետի պաշտոնից, այլեւ քաղշինկոմիտեի նախագահ դառնալն է տապալել։ Տհաճ զրույցն էլ դարձել է կոնֆլիկտի պատճառ»։

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ինչ իրավիճակ է Գորիս-Կապան ճանապարհին

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը գրել է․

Տեղեկացնում եմ, որ ժամը 20:00-ի դրությամբ՝ վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել:

Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները:

#ենթագլխավոր #ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Կապան-Գորիս ճանապարհը բացվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունից:

«Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»,- նշված է հաղորդագրությունում։

#ենթագլխավոր #ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Սյունիքի մարզի շրջափակման մեջ մնացած երեք գյուղերի բնակիչների առաջին անհրաժեշտության խնդիրները լուծվում են

Սյունիքի մարզի՝ շրջափակման մեջ մնացած երեք գյուղերի՝ Շուռնուխի, Որոտանի ու Բարձրավանի բնակիչների առաջին անհրաժեշտության խնդիրները լուծվում են․ Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով մատակարարվում են սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ։ Սահմանապահները ևս ներգրավված են այդ աշխատանքներին։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի հարցով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

«Մենք էլ տեղում փորձում ենք համակարգել աշխատանքները, հրատապ լուծման ենթարկա խնդիրները տեղում լուծել։ Ես Շուռնուխում էի նախորդ 24 ժամվա ընթացքում, այնտեղ կազմակերպում էինք սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների ապահովումը։ Մարդիկ գյուղապետարանում տեղեկացնում են, թե իրենց ինչ է անհրաժեշտ, այդ ինֆորմացիան փոխանցվում է մարզպետարան, և մեր աշխատանքային խմբի շրջանակներում այդ ամենը ֆինանսավորվում է։ Առավոտյան ու երեկոյան մեքենաները կհասցնեն անհրաժեշտ պարագաները»,- ասաց Ղուկասյանը։

Նրա խոսքով, մասնավորապես, դեպի Շուռնուխ շրջանցիկ ճանապարհը շատ վատ վիճակում է, հեշտ ճանապարհ չէ։ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ համայնքներում բնակիչների մոտ անորոշություն կա, հարցադրում են անում՝ ի՞նչ է լինելու։ «Բայց մարդիկ ապրում են իրենց տեղում, որևէ միտում չկա, որ Շուռնուխից, Որոտանից ու Բարձրավանից մարդիկ ցանկանում են այս պահին դուրս գալ։ Կարևորը մարդիկ միասնական են, բոլոր մարտահրավերներին միասնական դիմադրում են, ես դա եմ նկատում այդ համայնքներում։ Իսկ երբ ազգը միասնական է, շատ դժվար է կոտրել։ Ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտորեն խախտել է Սյունիքի համայնքների բնակիչների իրավունքները։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այս պահին հրատապ համարվող առաջին անհրաժեշտության խնդիրները լուծենք»,- հավելեց նա։

#ենթագլխավոր #ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Թագուհի Ղազարյանը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:

ԱԺ-ից հայտնում են, որ Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը` օրակարգում ունենալով երեք հարց:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրում է Թագուհի Ղազարյանի թեկնածությունը:

Քվեարկության արդյունքում Թագուհի Ղազարյանն ընտրվել է:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել եւ հաստատել են հանձնաժողովի աշխատակարգը եւ հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ոչ ոք չի խոսում Հայաստանի Հանրապետության տարածքների զիջման մասին․ նախարար

«Ոչ ոք չի խոսում Հայաստանի Հանրապետության տարածքների զիջման մասին, կլինի Սև լիճ, կլինեն բարձունքներ՝ 12 ամսվա ձյունով ծածկված, թե կլինեն հարթավայրեր»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։

Նա հավելեց․ «Վարչապետը ԱԺ ամբոնից մի քանի անգամ դրա մասին խոսել է, որ խաղաղության օրակարգը չի նշանակում լինել չպաշտպանված, խաղաղության օրակարգը չի նշանակում մեր տարածքների զիջում։ Դա հստակ է ասվել և դա պետական քաղաքականություն է։ Այո, մենք գնալու ենք սահմանազատման, այո, մենք մեր տարածքները չենք զիջելու։ Եվ որ խնդիրները, որոնք վիճելի են այսօր, պետք է լուծվեն առայժմ եռակողմ բանակցությունների արդյունքում»։

Ըստ նախարարի՝ նաև առաջարկ է եղել հայկական կողմից՝ եթե եռակողմից բացի կլինեն այլ առաջարկներ ԵԱՀԿ-ի կամ այլ կառույցների շրջանակներում, Հայաստանը պատրաստ է դրանք ընդունել։

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Որպեսզի հարցը գա իրավական դաշտ, պետք է լինեն սահմանազատման որոշակի աշխատանքներ, սահմանագծման աշխատանքներ․ նախարար

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ադրբեջանական գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում մարդկանց ազատ տեղաշարժի ու իրավունքների խախտման վերաբերյալ հարցրերին։

«Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում մեր հարևան Ադրբեջանի քաղաքականության պատճառով։ Ցավում եմ, որ գործընթացները չեն գալիս այն հանգրվանին, որ մեր հարևան պետության հետ այնպիսի իրավական գործընթացներ տեղի ունենան, որ այլլևս հարևան պետության պատճառով մեր քաղաքացիների իրավունքները չխախտվեն։ Բազմիցս վարչապետը նշել է դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրների մասին, առանց այդ խնդիրների լուծման, հարցին իրավաբանական արձագանք տալը տեղին չի լինի։ Որպեսզի հարցը գա իրավական դաշտ, պետք է լինեն սահմանազատման որոշակի աշխատանքներ, սահմանագծման աշխատանքներ»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունն անում է լավագույնը։ Հարցին, թե որևէ քայլ անո՞ւմ են՝ սահմանամերձ համայնքներում մարդկանց իրավունքների պաշտպանության, ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ, Անդրեասյանը պատասխանեց․ «Սա այն ոլորտն է, որը գտնվում է մեր Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների տիրույթում։ Ես խորհուրդ կտամ մեր այլ պետական կառույցներին, իրավապաշտպաններին, ովքեր այստեղ դեռ անելիք չունեն, համբերությամբ լցվենք, սպասենք, վստահենք մեր այն պրոֆեսիանալ գործընկերների, որոնք աշխատում են»։

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Առողջապահության նախարարը մտահոգիչ թվեր հրապարակեց

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակին։ «Մենք երեկ գրանցել ենք 522 դրական դեպք, իրականացրել ենք 6383 թեստավորում։ Ցավոք սրտի, գրանցվել է 11 մահ։ Այս պահին մենք ունենք 14 ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասորկում են COVID պացիենտներին։ Ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը»,- ասաց նա։

Նախարարի տեղեկացմամբ՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացինետ։ Ընդհանուր հոսպիտալացված և ծանր պացիենտների թվի համամասնությունը, Ավանեսյանի խոսքով, բավական մտահոգիչ է։ «Մենք գիտենք, որ Հայաստանում, ինչպես այլ երկրներում, այս պահին շրջանառվում է դելտա շտամը, որը աչքի է ընկնում ինչպես իր բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով։ Ես արդեն հրապարակել եմ, որ ունենք երիտասարդ պացիենտներ, ովքեր որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, և մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- նշեց նա։

Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ նախարարը նշեց, որ երեկ իրականացվել է 7114 պատվաստում։ Ընդհանուր առմամբ արդեն 267 504 պատվաստում է իրականացվել։ «Եթե նկատում եք, օրական պատվաստման թիվը մենք արդեն հատեցինք 7000-ը, և տենդենցը բավական ակտիվ է, որոշ պոլիկլինիկաներում արդեն հերթեր են գոյանում»։

#ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Հայփոստը տեղեկացնում է

ՀայՓոստը տեղեկացնում է, որ ընկերությունում իրականացվող տեխնիկական վերազինման շրջանակում սեպտեմբերի 1-ից փոստային ծառայություններն այսուհետ մատուցվելու են միայն հաճախորդների նույնականացումը իրականացնելուց հետո: Նույնականացումն անհրաժեշտ է իրականացնել մեկ անգամ, ուստի հաճախորդներին հորդորում ենք սեպտեմբերի 1-ից առաջին անգամ փոստային բաժանմունք այցելել վավեր անձնագրով/ID քարտով, տրամադրել հեռախոսահամար կամ բաժանմունքի աշխատակցին մոտենալիս նշել վավեր անձնագրի/ID քարտի սերիան և համարը:

#ներքինկյանք