Որպեսզի հարցը գա իրավական դաշտ, պետք է լինեն սահմանազատման որոշակի աշխատանքներ, սահմանագծման աշխատանքներ․ նախարար
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ադրբեջանական գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում մարդկանց ազատ տեղաշարժի ու իրավունքների խախտման վերաբերյալ հարցրերին։
«Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում մեր հարևան Ադրբեջանի քաղաքականության պատճառով։ Ցավում եմ, որ գործընթացները չեն գալիս այն հանգրվանին, որ մեր հարևան պետության հետ այնպիսի իրավական գործընթացներ տեղի ունենան, որ այլլևս հարևան պետության պատճառով մեր քաղաքացիների իրավունքները չխախտվեն։ Բազմիցս վարչապետը նշել է դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրների մասին, առանց այդ խնդիրների լուծման, հարցին իրավաբանական արձագանք տալը տեղին չի լինի։ Որպեսզի հարցը գա իրավական դաշտ, պետք է լինեն սահմանազատման որոշակի աշխատանքներ, սահմանագծման աշխատանքներ»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունն անում է լավագույնը։ Հարցին, թե որևէ քայլ անո՞ւմ են՝ սահմանամերձ համայնքներում մարդկանց իրավունքների պաշտպանության, ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ, Անդրեասյանը պատասխանեց․ «Սա այն ոլորտն է, որը գտնվում է մեր Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների տիրույթում։ Ես խորհուրդ կտամ մեր այլ պետական կառույցներին, իրավապաշտպաններին, ովքեր այստեղ դեռ անելիք չունեն, համբերությամբ լցվենք, սպասենք, վստահենք մեր այն պրոֆեսիանալ գործընկերների, որոնք աշխատում են»։
There are no comments yet.