#հաղթելու_ենք

kerlingarfjoll@spyurk.am

Որքան հնարավոր էր փչացնել, փչացանք: Եվ մենք ենք դա թույլ տվել: Թուրքը չի եկել, ձեռքներս բռնել և ասել՝ «վատ սովորեք, որպես քաղաքացի՝ ձեզ վատ պահեք, մի հարգեք իրար»: Ոչ: Մենք ենք դա արել: Ուղղակի իրականության հետ բախումը շատերի համար շոկային էր, որովհետև մարդիկ չէին պատկերացնում՝ մենք ո՞վ ենք: Իհարկե, խոհանոցային, երթուղային տաքսիների մակարդակում այդ խոսակցությունները միշտ էլ եղել են, բայց հիմա մարդիկ տեսան իրականությունը: Ես դա 2016 թ.-ին էի տեսել՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ ժամանակ տանջվեցի, տառապեցի, փլվեցի, ոչնչացա… Այս անգամ… Երբ ոչինչ ես, ոչինչ չես կորցնում այլևս…

Չկոտրվեց: Խզվեց: Լիքը կապ խզվեց իմ բաղկացուցիչ մասերի հետ՝ հայրենիք, պետություն, կառավարություն… Բնազդի մակարդակի փոքրանում, դառնում ես այն «Է»-ն, որովհետև ուրիշ ոչինչ չես ունենում: Միայն ինքդ քեզ, մի 60 տարեկան հրացան ու 4 «մագազին» փամփուշտ: Ապրիլյանի ժամանակ ես «Եղինկներում» էի: Այդ ժամանակ հասկացա, որ ես ճակատից չեմ վախենում: Ես վախենում եմ, որ թիկունքից մեր հետևից չեն գա: Որովհետև ոչինչ արված չէր, որ մենք այլ կերպ մտածեինք:

Ուրիշինը չէր: Նույնն է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ աստիճանի պատասխանատվություն ես վերցնում ինքդ քեզ վրա՝ գործդ անելիս: Մարդիկ կան, որ սահմանի վրա կանգնած են, բայց ավելի քիչ բան են անում, քան, օրինակ, ծառը: Ծառը, գոնե, թթվածին է տալիս, թռչունները վրան բույն են դնում… Մարդիկ կան մակաբույծ են: Կապ չունի՝ որտեղ ես՝ թիկունքում, թե սահմանին: Կապ ունի՝ թե ինչ պատասխանատվություն ես ստանձնում: Եվ, եթե վերցրածդ պատասխանատվությունն այնքան է, որ գիշերը կարողանում ես քնել, ուրեմն՝ քո կռիվն է:

Հա, աղմուկ էր: Հիմա էլ է աղմուկ: Սարսափելի աղմուկ: Ոչ ոք չի ուզում ձայնը կտրել, լռել: Ոչ ոք չի ուզում մի քիչ նստել, մտածել՝ ինչ եղավ: Առանց խոսելու, առանց բղավելու, ուղղակի մտածել՝ ինչ եղավ մեզ հետ: Ախր այդ աղմուկի մեջ… Բոլորն իրենց կաշին փրկելու մասին են մտածում, իրենց ֆիզիկական գոյության մասին: Իսկ իր ֆիզիկական գոյության վախը զգացող մարդը չի կարող մտածել այն մասին, որ ուրիշի երեխան վերմակ չունի, մրսում է, որ Մարաղայում մարդիկ չհասցրեցին իրենց այգու արքայախնձորը հավաքել…

– Ի՞նչ կուզենայիր նկարել, որ չկարողացար:
– Բժիշկներին: Այդ դժողխքում անել գերմարդկային գործ՝ առանց որևէ բան ասելու, խոսելու: Լուռ անել իրենց գործը: Իսկ իրենք սարսափելի բաներ էին տեսնում: Ու դրանից հետո չէին գոռում, չէին բողոքում, մարդուն չէին սպանում իրենց ներսում: Փոխարենը՝ իրենց գործն էին անում: Երևի դա ամենասիրուն բանն էր, որ տեսել եմ պատերազմի ընթացքում: Երբ տեսնում ես այդ մարդկանց գործը, հասկանում ես, որ նրանց համար առաջնահերթությունը մարդու կյանքն է:

Հերթական անգամ Ստեփանակերտի կենտրոնում մի շենքի բնակիչների համար օգնություն էինք տարել: Բաժանեցինք, վերջացրեցինք, ու, երբ ձեռքս մեկնեցի մի տարեց մարդու՝ հաջողություն ասելու համար, նա բռնեց ձեռքս ու համբուրեց: Այդ պահին քանդվեցի: Մտածում ես՝ ինչպե՞ս կարելի մարդկանց հասցնել այն վիճակին, որ ձեթ ու բրինձ բերողի ձեռքը համբուրեն: Ախր ես ո՞վ եմ, որ իմ ձեռքը համբուրում ես: Ախր սա է ձեր սարքած երկիրը, ախր դուք ինչպե՞ս եք ինչ-որ վեհ գաղափարներից խոսում, դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք խոսելու ժողովրդից, հայրենիքից, որևէ բանից:

Մենք կյանքի նկատմամբ վերաբերմունք չունենք: Մենք ուղղակի կատարվում ենք դրա մեջ, բայց մենք դրան չենք վերաբերվում: Մենք չենք վերաբերվում մեր մշակույթին, մեր մարդկանց… մենք ուղղակի կանք: Կեղտոտ շրջապտույտ է, որի մեջ ընկած՝ պտտվում ենք:
Տես՝ մենք այնքան լավ բաներ ունենք ստեղծած՝ կինո, երաժշտություն, արվեստ, խոհանոց, գինի, հազար բան… Բաներ, որ որպես երևույթ լավն են, բայց մենք այդ ամենը վատ ենք անում: Մենք անգամ մեր ստեղծածի նկատմամբ վերաբերմունք չունենք: Մեզ անընդհատ սովորեցնում են, որ պետք չէ լավ անել, որ ինչպես էլ անենք, կլինի: Այդպես էլ արեցինք, դրա համար էլ այսպես եղավ:

Չեն լսում: Մարդիկ չեն լսում՝ միմյանց, իրենք իրենց: Իսկ, եթե չեն լսում, ասելն իմաստ չունի: Ո՛չ ասելու բան կա, ո՛չ լսելու: Հիմա ես բավարար գիտելիք, փորձ ու ինֆորմացիա չունեմ՝ վերլուծություններ ու հետևություններ անելու: Հիմա իմ առջև մի քանի անհայտով հավասարում է, որը ոչ միայն լուծել չեմ կարող, այլև՝ ձևակերպել: Ընդհանրապես, մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մենք չունենք ձևավորված խնդիր: Պատերազմի ընթացքում էլ չունեինք: Անգամ #հաղթելու_ենք կամ հաղթանակ բառը ձևակերպում չուներ:
Վերջերս մի տեղ բանավեճ եղավ: Մեկն ասաց, որ կարծում է, որ Նոր տարի նշել պետք չէ: Հարցրեցի՝ ինչո՞ւ: Ասաց՝ «որովհետև պետք է բռունցք դառնանք»: Ասում եմ՝ «Լավ, բայց ի՞նչ է նշանակում՝ բռունցք դառնալ: Իմ իմացած բռունցքը 5 ծալված մատն է: Դուք, բռունցք ասելով, ի՞նչ նկատի ունեք»: Ասում է համախմբում: Բայց ինչի՞ շուրջ: Նա պատասխան չուներ: Մարդիկ անգամ իրենց ասածի ձևակերպումը չունեն:
Մարդիկ ո՛չ պատերազմն էին ձևակերպել, ո՛չ խաղաղությունը, ո՛չ հաղթանակը: Ո՞րն էր հաղթանակը: Որ բոլորը ողջ մնայի՞ն, թե՞ որ տնտեսությունը չտուժեր, թե՞, գուցե, բոլորը մեռնեին, բայց երկիրը մնար: Ո՞րն էր: Մենք պետք է պարզ բաների վրա սովորենք ձևակերպել, որ կարողանանք ավելի մեծ, ավելի կարևոր երևույթների ձևակերպում տալ:

Պետք է ընդունես, որ լողալ չգիտես, և մտածես՝ ինչպես փրկվել՝ առանց լողալ իմանալու: Հիմա, խորտակվող նավում փրկության ուղիներ գտնելու փոխարեն՝ մարդիկ մտածում են, թե ով է մեղավոր, գոռում են, իրար են մեղադրում: Իսկ ինչ-որ մեկը նույն խորտակվող նավի վրա կանգնած նայում է օվկիանոսին ու մտածում, թե ինչ սիրուն է այն: Ու հիանում է, որովհետև չգիտի՝ այլևս հնարավորություն կունենա՞ հիանալու կյանքով: Իսկ կյանքը միակ բանն է, որով հնարավոր է և արժե հիանալ: Անկախ ամեն ինչից:

Կյանքում հաստատ ավելի շատ առիթ կա հիանալու, քան հակառակը: Կյանքում լիքը սիրելու բան կա:

https://kinoashkharh.am/2020/12/areg-balayan-kyanq-miak-bann-e-vorov-hnaravor-e-ev-arje-hianal/

#արեգ #պատերազմ #կյանք #կարդալիք