#պատերազմ

wordsthatidefend@spyurk.am

Հայկն էսպիսի բանախոսություն ունի Բուն֊ում, որ պատրաստվել է դեռեւս 2020/2021֊ին։ Ոնց որ գիտության դետալներից պատրատված հայելի լինի Հայաստանի, բայցեւ Սփյուռքի հայ հասարակության զգալի խմբերի համար։

Իմաստ չեմ գտնում էս օրերին եւ առհասարակ կիսել լուրերի եւ վերլուծությունների հիմնական մասը, որոնք չեն համապաատասխանում ոչ լրագրության, ոչ էլ մարդկայնության սկզբունքներին։ Իսկ այս բանախոսությունը, կարծես թե, միշտ արդիական է։ Ավաղ։

https://youtu.be/oSOMz2_AF9E

#խաղաղություն #պատերազմ #Հայաստան #Ղարաբաղ

wordsthatidefend@spyurk.am

Պատերազմի օրերին ՀՀ էր տեղափոխվել 98000 ղարաբաղցի, որոնցից շուրջ 38000-ը՝ տեղահանվածներ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2021 թ․ դեկտեմբերի դրությամբ Ղարաբաղում բնակվում է 117455-ից ավելի մարդ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում շարունակում են բնակվել 20000-ից ավելի տեղահանվածներ։ Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ․) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույց։

Ինչպես ցույց է տալիս ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունը, 2016 թվականի բախումների ժամանակ հայկական կողմից 61 զոհված զինծառայողի ընտանիքներից միայն 17-ն ուներ մշտական ֆինանսական եկամուտ՝ 1 աշխատողի աշխատավարձի հիման վրա. 12-ը՝ բյուջետային հիմնարկում, 5-ը՝ մասնավոր ոլորտում, որը սակայն բավարար չէ ընտանիքի ֆինանսական կարիքները հոգալու համար: 14 ընտանիք ընդհանրապես աշխատանք չուներ, այդ թվում 6 ընտանիքի ֆինանսական միջոցներ էին ծերության կամ հաշմանդամության թոշակը, մեկինը՝ ընտանեկան նպաստը։ Մնացած 30 ընտանիքները գոյատևում էին արտագնա և ոչ մշտական աշխատանքների շնորհիվ:

Պատերազմը խորացրել է սեփական «փոքրության» մասին մարդկանց պատկերացումները։

Տեղահանված մարդկանց ամենամեծ կարիքը տունն է։ Տան և մշտական աշխատանքի բացակայության պայմաններում մարդիկ համարում են, որ ոչ թե ապրում են, այլ գոյատևում։

Հետազոտությունը երևան է բերում նաև այն տարբերությունները, որոնք առկա են Հադրութի և Շուշիի շրջաններից տեղահանվածների և Քելբաջարի ու Լաչինի շրջաններից տեղահանվածների միջև։ Եթե Հադրութի և Շուշիի՝ արդեն նախկին բնակիչները հիմնականում առավել ապահով սոցիալ-տնտեսական միջավայր և սոցիալական կապիտալ են ունեցել Ղարաբաղում, ապա Հայաստանի տարբեր մարզերից Քելբաջարի և Լաչինի շրջաններ տեղափոխվածներն ի սկզբանե սոցիալապես անապահով հանրային շերտերի ներկայացուցիչներ են։ Ինքնակամ կամ հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունների կողմից վերաբնակեցման առաջարկով և պետական աջակցության խրախուսանքով այնտեղ մեկնածները տարիների ջանք և եռանդ են ներդրել Ղարաբաղում կյանք կառուցելու համար։ Պատերազմի հետևանքով նրանք կորցրել են ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում ապահով կյանք ունենալու հեռանկարը։

«Օրինակ, մարդ կա՝ հիմա ասում է՝ ժամանակին տայինք, էլի։ Չգիտեմ, չեմ կարող ասել` ոնց կլիներ իմ կարծիքը, բայց այդ հողերից ո՞վ էր օգտվում տարիներով, հասարակ աշխատող մարդիկ օգտվո՞ւմ էին։ Չէ՛, իհարկե չէ՛, օգտվում էին մի քանի հոգի։ Հազարավոր հեկտարներով հողեր էին, մի քանի հոգի էին օգտագործում»։

36-50 տ․ տեղահանված տղամարդ

«Նենց չի, որ Ֆիզուլիում մարդ է ապրել, Ֆիզուլիում ապրել են միայն հարուստները, ով կարողացել, հեկտարներով հող է վերցրել, իր բիզնեսի համար հացահատիկներ է ցանել կամ չգիտեմ ինչ է արել։ Այնպես չի, որ ժողովուրդն այդ հողից օգտվել է, այդ հողում մարդ չի ապրել»։

19-35 տ․ տեղահանված տղամարդ

Լայն իմաստով՝ պատերազմի հավանականությունը մտածվում էր, բայց վերացական հաղթանակի տեսանկյունից։ «Հաղթանակած» պետության գերիշխող գաղափարաբանության ներքո պատերազմի սպասումը դեռևս չէր նշանակում պատերազմի պարտության սպասում:

Ինչպես 2016 թ․ ապրիլյան սրացումը, այնպես էլ Ղարաբաղյան առաջին պատերազմը ընկալվում էին դրանց հաջորդած խաղաղ կամ համեմատաբար խաղաղ տարիների տեսանկյունից, իսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ու պարտության շուրջ խորազնին, ընդարձակ և բազմակողմանի քննարկումների սակավության պայմաններում մարդկանց դատողությունները մեծապես պայմանավորված էին առօրյա զրույցներով, այլևայլ դավադրապաշտական տեսություններով և մեդիա շահարկումներով։ Ընդհանուր հոռետեսության համատեքստում այս կամ այն սոցիալական միջավայրում «ասում են»-ի շուրջ կառուցվող առօրյա զրույցներն ինչ-որ իմաստով նվազեցնում էին ապագայի անորոշությունը՝ դառնալով անպատասխան հարցերի փնտրտուքի աղբյուր․ «Ասում են՝ ռուսները Շուշին հետ են տալու», «ասում են՝ շուտով Հադրութը մերն ա լինելու»․․․

Պատերազմի պատճառների կամ դրանից խուսափելու տարբերակների մասին զրույցներն ի վերջո հանգում էին մեր և նրանց «հողերի» տարանջատմանը։ Ավելին՝ մեծ հաշվով ղարաբաղյան կոնֆլիկտը հանգեցվել է «հողի» հարցին։ Ընդ որում՝ հողի սեփականատիրության հարցը մտածվում էր բարդ մի թնջուկում․ նախ և առաջ խոսքը տեղի հարուստների և օլիգարխների մասին էր, որոնք ուզուրպացրել էին գրաված [վարելա]հողերը, ըստ էության՝ «նրանց» հողերը:

Ապագայի՝ իբրև հնարավորությունների հեռանկարի հանդեպ հոռետեսական մոտեցումների գերակայության համատեքստում ֆրագմենտացած են նաև խաղաղության, խաղաղ համակեցության, պատերազմի, տարածաշրջանային գործընթացների և տարածաշրջանում իրերի դրության, ինչպես նաև սեփական իղձերի ձևակերպումները։ «Խաղաղությունից լավ բան չկա»-ն և «անհրաժեշտ է պատերազմով հետ բերել կորցրած հողերը» հակադիր մտայնությունները հաճախ պատկանում են նույն մարդուն։

https://readymag.com/u1268697697/3603352/

#Ղարաբաղ #Արցախ #պատերազմ #խաղաղություն

wordsthatidefend@spyurk.am

Ես հիշում եմ, թե երբ եւ ինչպես խոհանոցում կերակուր պատրաստելը դարձավ պատերազմների ու հակամարտությունների մասին մտածելու ընթացք։ Շուտով կլրանա մեկ տարին։ Էսօր սիսեռով մասալա եմ պատրաստում ու մտածում Աֆանստանի մասին։ Արդեն մոռացել եմ, թե ինչ էի պատրաստում ամիսներ առաջ, երբ պատերազմում էին Իսրայելն ու Պաղեստինը։ Ցանցում փնրեցի Աֆղանստան բառը։ Գրեթե բոլոր վիզուալ արդյունքները զինվորների եւ թալիբների լուսանկարներ էին։ Կարծես Աֆղանստանը երբեք այլ բանի մասին չի եղել, չի, չի լինելու։ Հիշեցի օդանավակայանում հանդիպած սիրիացի տղային, ով ասաց, որ շատ է ցավում Հայաստանի հետ պատահածի համար, երբ դեռ 2019֊ի դեկտեմբերն էր։ Նկատի ուներ Ցեղասպանությունը։ Կարծես Հայաստանը երբեք չի եղել որեւէ այլ բանի մասին քան ցեղասպանությունը, պատերազմը, քաղաքական ճգնաժամը։

Արդեն 4 ժամ կլինի, ինչ ջուր չունենք։ Ես միամտաբար կարծում էի, թե մի օր պատերազմները լինելու են ջրի, սննդի, ռեսուրսների համար, մինչդեռ դրանք միշտ էլ դրանց մասին են եղել՝ անգթորեն շահագործել բոլոր հնարավոր ռեսուրսները՝ անհատական շահի համար։ Իմ ֆիլմի 9 տարեկան հերոսը սա հասկացել է ինձնից հազար անգամ արագ եւ շուտ, ու վերջին նկարահանման օրը ֆանտաստիկ վերլուծություններ էր անում Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին։
Իսկ ես շարունակում եմ պատրաստել սիսեռով մասալան՝ մի կերպ, խանութից հազիվ գտած 1 լիտրանոց շշերի ջրով։

Հետո կլուսանկարեմ, կուղարկեմ բրիտանացի ընկերոջս, ով նախավերջին զրույցի ժամանակ ասեց, որ մեր ծնողները պատերազմ չեն տեսել, էդ մեր պապիկներն ու տատիկներն էին՝ երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Ասաց՝ մեր, չասաց՝ իմ, ու ես ոչինչ չասացի ։)

#պատերազմ #մտքեր

kerlingarfjoll@spyurk.am

Որքան հնարավոր էր փչացնել, փչացանք: Եվ մենք ենք դա թույլ տվել: Թուրքը չի եկել, ձեռքներս բռնել և ասել՝ «վատ սովորեք, որպես քաղաքացի՝ ձեզ վատ պահեք, մի հարգեք իրար»: Ոչ: Մենք ենք դա արել: Ուղղակի իրականության հետ բախումը շատերի համար շոկային էր, որովհետև մարդիկ չէին պատկերացնում՝ մենք ո՞վ ենք: Իհարկե, խոհանոցային, երթուղային տաքսիների մակարդակում այդ խոսակցությունները միշտ էլ եղել են, բայց հիմա մարդիկ տեսան իրականությունը: Ես դա 2016 թ.-ին էի տեսել՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ ժամանակ տանջվեցի, տառապեցի, փլվեցի, ոչնչացա… Այս անգամ… Երբ ոչինչ ես, ոչինչ չես կորցնում այլևս…

Չկոտրվեց: Խզվեց: Լիքը կապ խզվեց իմ բաղկացուցիչ մասերի հետ՝ հայրենիք, պետություն, կառավարություն… Բնազդի մակարդակի փոքրանում, դառնում ես այն «Է»-ն, որովհետև ուրիշ ոչինչ չես ունենում: Միայն ինքդ քեզ, մի 60 տարեկան հրացան ու 4 «մագազին» փամփուշտ: Ապրիլյանի ժամանակ ես «Եղինկներում» էի: Այդ ժամանակ հասկացա, որ ես ճակատից չեմ վախենում: Ես վախենում եմ, որ թիկունքից մեր հետևից չեն գա: Որովհետև ոչինչ արված չէր, որ մենք այլ կերպ մտածեինք:

Ուրիշինը չէր: Նույնն է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ աստիճանի պատասխանատվություն ես վերցնում ինքդ քեզ վրա՝ գործդ անելիս: Մարդիկ կան, որ սահմանի վրա կանգնած են, բայց ավելի քիչ բան են անում, քան, օրինակ, ծառը: Ծառը, գոնե, թթվածին է տալիս, թռչունները վրան բույն են դնում… Մարդիկ կան մակաբույծ են: Կապ չունի՝ որտեղ ես՝ թիկունքում, թե սահմանին: Կապ ունի՝ թե ինչ պատասխանատվություն ես ստանձնում: Եվ, եթե վերցրածդ պատասխանատվությունն այնքան է, որ գիշերը կարողանում ես քնել, ուրեմն՝ քո կռիվն է:

Հա, աղմուկ էր: Հիմա էլ է աղմուկ: Սարսափելի աղմուկ: Ոչ ոք չի ուզում ձայնը կտրել, լռել: Ոչ ոք չի ուզում մի քիչ նստել, մտածել՝ ինչ եղավ: Առանց խոսելու, առանց բղավելու, ուղղակի մտածել՝ ինչ եղավ մեզ հետ: Ախր այդ աղմուկի մեջ… Բոլորն իրենց կաշին փրկելու մասին են մտածում, իրենց ֆիզիկական գոյության մասին: Իսկ իր ֆիզիկական գոյության վախը զգացող մարդը չի կարող մտածել այն մասին, որ ուրիշի երեխան վերմակ չունի, մրսում է, որ Մարաղայում մարդիկ չհասցրեցին իրենց այգու արքայախնձորը հավաքել…

– Ի՞նչ կուզենայիր նկարել, որ չկարողացար:
– Բժիշկներին: Այդ դժողխքում անել գերմարդկային գործ՝ առանց որևէ բան ասելու, խոսելու: Լուռ անել իրենց գործը: Իսկ իրենք սարսափելի բաներ էին տեսնում: Ու դրանից հետո չէին գոռում, չէին բողոքում, մարդուն չէին սպանում իրենց ներսում: Փոխարենը՝ իրենց գործն էին անում: Երևի դա ամենասիրուն բանն էր, որ տեսել եմ պատերազմի ընթացքում: Երբ տեսնում ես այդ մարդկանց գործը, հասկանում ես, որ նրանց համար առաջնահերթությունը մարդու կյանքն է:

Հերթական անգամ Ստեփանակերտի կենտրոնում մի շենքի բնակիչների համար օգնություն էինք տարել: Բաժանեցինք, վերջացրեցինք, ու, երբ ձեռքս մեկնեցի մի տարեց մարդու՝ հաջողություն ասելու համար, նա բռնեց ձեռքս ու համբուրեց: Այդ պահին քանդվեցի: Մտածում ես՝ ինչպե՞ս կարելի մարդկանց հասցնել այն վիճակին, որ ձեթ ու բրինձ բերողի ձեռքը համբուրեն: Ախր ես ո՞վ եմ, որ իմ ձեռքը համբուրում ես: Ախր սա է ձեր սարքած երկիրը, ախր դուք ինչպե՞ս եք ինչ-որ վեհ գաղափարներից խոսում, դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք խոսելու ժողովրդից, հայրենիքից, որևէ բանից:

Մենք կյանքի նկատմամբ վերաբերմունք չունենք: Մենք ուղղակի կատարվում ենք դրա մեջ, բայց մենք դրան չենք վերաբերվում: Մենք չենք վերաբերվում մեր մշակույթին, մեր մարդկանց… մենք ուղղակի կանք: Կեղտոտ շրջապտույտ է, որի մեջ ընկած՝ պտտվում ենք:
Տես՝ մենք այնքան լավ բաներ ունենք ստեղծած՝ կինո, երաժշտություն, արվեստ, խոհանոց, գինի, հազար բան… Բաներ, որ որպես երևույթ լավն են, բայց մենք այդ ամենը վատ ենք անում: Մենք անգամ մեր ստեղծածի նկատմամբ վերաբերմունք չունենք: Մեզ անընդհատ սովորեցնում են, որ պետք չէ լավ անել, որ ինչպես էլ անենք, կլինի: Այդպես էլ արեցինք, դրա համար էլ այսպես եղավ:

Չեն լսում: Մարդիկ չեն լսում՝ միմյանց, իրենք իրենց: Իսկ, եթե չեն լսում, ասելն իմաստ չունի: Ո՛չ ասելու բան կա, ո՛չ լսելու: Հիմա ես բավարար գիտելիք, փորձ ու ինֆորմացիա չունեմ՝ վերլուծություններ ու հետևություններ անելու: Հիմա իմ առջև մի քանի անհայտով հավասարում է, որը ոչ միայն լուծել չեմ կարող, այլև՝ ձևակերպել: Ընդհանրապես, մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մենք չունենք ձևավորված խնդիր: Պատերազմի ընթացքում էլ չունեինք: Անգամ #հաղթելու_ենք կամ հաղթանակ բառը ձևակերպում չուներ:
Վերջերս մի տեղ բանավեճ եղավ: Մեկն ասաց, որ կարծում է, որ Նոր տարի նշել պետք չէ: Հարցրեցի՝ ինչո՞ւ: Ասաց՝ «որովհետև պետք է բռունցք դառնանք»: Ասում եմ՝ «Լավ, բայց ի՞նչ է նշանակում՝ բռունցք դառնալ: Իմ իմացած բռունցքը 5 ծալված մատն է: Դուք, բռունցք ասելով, ի՞նչ նկատի ունեք»: Ասում է համախմբում: Բայց ինչի՞ շուրջ: Նա պատասխան չուներ: Մարդիկ անգամ իրենց ասածի ձևակերպումը չունեն:
Մարդիկ ո՛չ պատերազմն էին ձևակերպել, ո՛չ խաղաղությունը, ո՛չ հաղթանակը: Ո՞րն էր հաղթանակը: Որ բոլորը ողջ մնայի՞ն, թե՞ որ տնտեսությունը չտուժեր, թե՞, գուցե, բոլորը մեռնեին, բայց երկիրը մնար: Ո՞րն էր: Մենք պետք է պարզ բաների վրա սովորենք ձևակերպել, որ կարողանանք ավելի մեծ, ավելի կարևոր երևույթների ձևակերպում տալ:

Պետք է ընդունես, որ լողալ չգիտես, և մտածես՝ ինչպես փրկվել՝ առանց լողալ իմանալու: Հիմա, խորտակվող նավում փրկության ուղիներ գտնելու փոխարեն՝ մարդիկ մտածում են, թե ով է մեղավոր, գոռում են, իրար են մեղադրում: Իսկ ինչ-որ մեկը նույն խորտակվող նավի վրա կանգնած նայում է օվկիանոսին ու մտածում, թե ինչ սիրուն է այն: Ու հիանում է, որովհետև չգիտի՝ այլևս հնարավորություն կունենա՞ հիանալու կյանքով: Իսկ կյանքը միակ բանն է, որով հնարավոր է և արժե հիանալ: Անկախ ամեն ինչից:

Կյանքում հաստատ ավելի շատ առիթ կա հիանալու, քան հակառակը: Կյանքում լիքը սիրելու բան կա:

https://kinoashkharh.am/2020/12/areg-balayan-kyanq-miak-bann-e-vorov-hnaravor-e-ev-arje-hianal/

#արեգ #պատերազմ #կյանք #կարդալիք

norayr@spyurk.am

վերջին շրջանում մեքենաս տուել էի «ֆիքսերի»՝ մի տղայի, որ լրագրողներ էր տանում տարբեր տեղեր՝ արցախում, հայաստանում։

վերջերս էլ պատմեց, ինչպէս շուռնուխ գիւղ էր հասել մի լրագրողի հետ։ լրագրողն ունէր երկար մազեր՝ պոչիկ, ու ականջօղ։ գիւղացիները կասկածանքով վերաբերուեցին լրագրողի արտաքինին, ու ճշտեցին վարորդից՝ արդե՞օք նա գէյ չի։

վարորդը համոզեց որ չէ՝ գէյ չի։

յետոյ հասկացաւ որ լրագրողին բարդ կը լինի շփուել մարդկանց հետ էդ տեսքով, հանեց իր գլխարկը՝ ու շատ խնդրեց, որ լրագրողն այդ գլխարկով շրջի։

տեսայ այդ գլխարկը՝ սրտիկներով էր, ու վրան գրուած էր՝ «LOVE SOCHI» թէ նման մի բան։

ու այդ սրտիկներով գլխարկն արդէն գիւղացիների համար լրիւ օկ էր, աւելորդ հարցեր չէր առաջացնում։

ու տէնց։

#սիւնիք #շուռնուխ #մշակոյթ #հանդուրժողականութիւն #պատերազմ #պատմութիւն