Ես հիշում եմ, թե երբ եւ ինչպես խոհանոցում կերակուր պատրաստելը դարձավ պատերազմների ու հակամարտությունների մասին մտածելու ընթացք։ Շուտով կլրանա մեկ տարին։ Էսօր սիսեռով մասալա եմ պատրաստում ու մտածում Աֆանստանի մասին։ Արդեն մոռացել եմ, թե ինչ էի պատրաստում ամիսներ առաջ, երբ պատերազմում էին Իսրայելն ու Պաղեստինը։ Ցանցում փնրեցի Աֆղանստան բառը։ Գրեթե բոլոր վիզուալ արդյունքները զինվորների եւ թալիբների լուսանկարներ էին։ Կարծես Աֆղանստանը երբեք այլ բանի մասին չի եղել, չի, չի լինելու։ Հիշեցի օդանավակայանում հանդիպած սիրիացի տղային, ով ասաց, որ շատ է ցավում Հայաստանի հետ պատահածի համար, երբ դեռ 2019֊ի դեկտեմբերն էր։ Նկատի ուներ Ցեղասպանությունը։ Կարծես Հայաստանը երբեք չի եղել որեւէ այլ բանի մասին քան ցեղասպանությունը, պատերազմը, քաղաքական ճգնաժամը։
Արդեն 4 ժամ կլինի, ինչ ջուր չունենք։ Ես միամտաբար կարծում էի, թե մի օր պատերազմները լինելու են ջրի, սննդի, ռեսուրսների համար, մինչդեռ դրանք միշտ էլ դրանց մասին են եղել՝ անգթորեն շահագործել բոլոր հնարավոր ռեսուրսները՝ անհատական շահի համար։ Իմ ֆիլմի 9 տարեկան հերոսը սա հասկացել է ինձնից հազար անգամ արագ եւ շուտ, ու վերջին նկարահանման օրը ֆանտաստիկ վերլուծություններ էր անում Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին։
Իսկ ես շարունակում եմ պատրաստել սիսեռով մասալան՝ մի կերպ, խանութից հազիվ գտած 1 լիտրանոց շշերի ջրով։
Հետո կլուսանկարեմ, կուղարկեմ բրիտանացի ընկերոջս, ով նախավերջին զրույցի ժամանակ ասեց, որ մեր ծնողները պատերազմ չեն տեսել, էդ մեր պապիկներն ու տատիկներն էին՝ երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Ասաց՝ մեր, չասաց՝ իմ, ու ես ոչինչ չասացի ։)
There are no comments yet.