ինձ անչափ դուր են գալիս իմ առօրեական կյանքի դետալները։ ասենք, որ աշխատանքային պարտականություններս թվելիս առաջինը նշել են բույսերը ջրելը (որոնք անուններ ունեն եւ որոնց հետ խոսում եմ), մեր խոհանոցը, որի միայն սեղանը կարելի է ամեն օր լուսանկարել ու մի նոր նատյուրմորտ ստանալ, օրվա հիմնական մասը թարգմանությամբ զբաղվելն ու հոդվածներիցս մեկին տուն փնտրելն, իսկ գիշերները louder than words վերնագրով գիրք կարդալը, թե՛ տանը, թե՛ աշխատավայրում բոբիկ քայլելու ազատությունը, պատուհանից բացվող տեսարանը, որ միայն ծառի ճյուղեր ու մի քիչ երկինք է ներառում, էլեկտրոնային նամակներն ու հազվադեպ զանգերը, որ ընդմիջումները լցնում են երբեք չավարտվող ու անչափ գնահատելի հարաբերություններով, ֆիզիկական, մտավոր ու մարդկանցով ստեղծվող տարածքները, որտեղ կարելի է գոնե մի քիչ ազատ ու անվտանգ զգալ, նկատել, սիրել ապագան, կյանքը, երեւանը եւ այլն ։) 🌿
#մտքեր
ականջակալների տակից բարձիկ դնելն օգնում է մեղմացնել երեւանի անտանելի աղմուկը, բայց քամին փոշին ու կեղտը լցնում է աչքերիս մեջ ու հազիվ եմ ճանապարհը նշմարում։ ընկերս սքանչելի վայելչությամբ ընկնում է սրճարանի աստիճաններից, ես սոֆիկո ճիաուրելիի դեմքով նայում եմ իրեն, հետո՝ աստիճանների մոտ հավաքվածներին, մեկնում ձեռքս ու հարցնում՝ ցավա՞ց։ մի տղամարդ ասում է՝ это было красиво, մինչ կողքին կանդնած կինը բողոքում է ոտքի ցավից։
ասում եմ՝ ո՞նց ես վերաբերում շվեդիայի ու ֆինլանդիայի անդամակցմանը նատօ֊ին, թուրքիայի վարած քաղաքականությանը։ ասում է, որ զարմացած չի։
մտածում ենք աշխարհի բեւեռացման մասին։
ղարաբաղից ենք խոսում։ իհարկե։ ասում եմ, որ խոսելուց, նկարվելուց չեմ նեղվի, մենակ թե չեմ կարողանում երկար ժամանակ նույն դիրքով նստել։
բարձրաձայն մտածում ենք՝ վերջն ի՞նչ է էդ խաղաղությունը մեզ համար, ո՞նց ենք սահմանում։
հաջող անելուց առաջ, թիֆլիսից բերած տոպրակի մեջ փոխանցում եմ շան կերը, որ կարելի է մանրացնել ու տալ կատուներին, ու ամբողջ ճանապարհին մտածում ու հաղորդագրություններ ուղարկում էն մասին, թե վերջն ի՞նչ է էդ խաղաղությունն ինձ համար։
Ես հիշում եմ, թե երբ եւ ինչպես խոհանոցում կերակուր պատրաստելը դարձավ պատերազմների ու հակամարտությունների մասին մտածելու ընթացք։ Շուտով կլրանա մեկ տարին։ Էսօր սիսեռով մասալա եմ պատրաստում ու մտածում Աֆանստանի մասին։ Արդեն մոռացել եմ, թե ինչ էի պատրաստում ամիսներ առաջ, երբ պատերազմում էին Իսրայելն ու Պաղեստինը։ Ցանցում փնրեցի Աֆղանստան բառը։ Գրեթե բոլոր վիզուալ արդյունքները զինվորների եւ թալիբների լուսանկարներ էին։ Կարծես Աֆղանստանը երբեք այլ բանի մասին չի եղել, չի, չի լինելու։ Հիշեցի օդանավակայանում հանդիպած սիրիացի տղային, ով ասաց, որ շատ է ցավում Հայաստանի հետ պատահածի համար, երբ դեռ 2019֊ի դեկտեմբերն էր։ Նկատի ուներ Ցեղասպանությունը։ Կարծես Հայաստանը երբեք չի եղել որեւէ այլ բանի մասին քան ցեղասպանությունը, պատերազմը, քաղաքական ճգնաժամը։
Արդեն 4 ժամ կլինի, ինչ ջուր չունենք։ Ես միամտաբար կարծում էի, թե մի օր պատերազմները լինելու են ջրի, սննդի, ռեսուրսների համար, մինչդեռ դրանք միշտ էլ դրանց մասին են եղել՝ անգթորեն շահագործել բոլոր հնարավոր ռեսուրսները՝ անհատական շահի համար։ Իմ ֆիլմի 9 տարեկան հերոսը սա հասկացել է ինձնից հազար անգամ արագ եւ շուտ, ու վերջին նկարահանման օրը ֆանտաստիկ վերլուծություններ էր անում Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին։
Իսկ ես շարունակում եմ պատրաստել սիսեռով մասալան՝ մի կերպ, խանութից հազիվ գտած 1 լիտրանոց շշերի ջրով։
Հետո կլուսանկարեմ, կուղարկեմ բրիտանացի ընկերոջս, ով նախավերջին զրույցի ժամանակ ասեց, որ մեր ծնողները պատերազմ չեն տեսել, էդ մեր պապիկներն ու տատիկներն էին՝ երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Ասաց՝ մեր, չասաց՝ իմ, ու ես ոչինչ չասացի ։)
գրքեր
Գիտեմ էս թեման գրվում է շատ։ Բայց մտքեր կան, մի տեղ տեղադրել է պետք։
Երբեմն ինձ մոտ ցանկություն կա գրքերը անգիր անել, առաջին բառից մինչև վերջինը։ Եվ հատկապես այն վերջինը...
Երբ գիրքը ավարտում եմ, ինձ հետ մնում է միայն դատարկության զգացողությունը։ Չգիտեմ։ Տարօրինակ զգացողություն, կարծես բարեկամի կորուստ։ Վերջ։ Ինձ թվում է ես կսկսեմ անգիր արտասանել այն, ինչը նոր կարդացել եմ։ Բայց ես միշտ սխալվում եմ։
Երբ անդրադառնում եմ գրքին, միայն նրա համար, որ փնտրեմ այն, ինչ հիշում եմ վատ։
Ես սիրում եմ լող տալ գրքերով։ Երբեմն երկար մտածել այն հատվածի շուրջ, որը կարևոր չէ, այն կարող էր գրքում նույնիսկ չլինել։ Բայց ես գիտեմ, որ այդ «անկարևոր» հատվածը մնալու է ինձ հետ։ Այն միակն է, որին ես չեմ թաղելու։ Կասեք ինչու տխրել, նոր գրքեր միշտ էլ կգտնվեն։ Բայց այն հինը ոչ։ Կասեք կարդա ցիկլեր։ Բայց եկեք հասկանանք , ինձ ձգված ռեզին պետք չէ։ (Թեև լավ ցիկլեր իհարկե կան): ինձ պետք է այն ծերից ծեր անգիր կանեմ գիրքը, ոչ թե նրա ընդարձակ ռեզինացիան։
Ես սիրում եմ այն ինչ սիրում եմ և այն ինչ սիրում եմ ցանկանում եմ ինձ մոտ պահել։
Ես գրքերին վերաբերում եմ որպես ընկեր, ում մասին բոլոր-բոլորին պատմելով երբեք չեմ հասնի բոլոր բոլորի համակրանքին իմ ընկերոջ նկատմամբ։ Եվ գիրքը ուղղակի հետք թողող է, աղբյուր այն ամենի, ինչ մենք կուզենք գրել հետո