#մեկնաբանություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Վարչապետը տվեց ադրբեջանական անվանումները, ճանապարհը բացվեց․ Ինչ է պարզել ԱԱԾ-ն

Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը, կառավարության այսօրվա նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդպիսով, նա օգտագործել է Կարմրաքարի ու Շուռնուխի այդ հատվածների ադրբեջանական անվանումները, ընդ որում՝ երկու անգամ։

«Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք։ Եվ մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք։ Էյվազլիի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ», ասել էր նա։

Բաքվի զինվորականները ճանապարհի այդ հատվածը փակել էին այն պատճառաբանությամբ, թե իբր հայ զինվորականները հարձակվել էին իրենց ուղեկալի վրա։ ՊՆ-ն հերքել էր այդ տեղեկությունը։ Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը խորհրդարանում ասել էր, թե «եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ նաև մեզ փոխանցի։ Պատրաստ ենք համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»։

Այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, թե Բաքուն փոխանցել է այդ տվյալները։ Թե ինչ է պարզվել՝ չի հաղորդվում, փոխարենը ավելի ուշ հայտարարվեց, թե ճանապարհը բացվել է։ Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, թե ճանապարհը փակելով՝ խախտվել է ՀՀ-ՌԴ պայմանավորվածությունը։ Իսկապե՞ս հարձակում է եղել Բաքվի ուղեկալի վրա, հնարավո՞ր է՝ բախում է եղել Բաքվի եւ ռուս զինվորականների միջեւ, ինչի մասին ակնարկ կար հայկական թերթերից մեկում։ Մյուս կողմից, ակնարկվում էր ՌԴ սահմանապահների տարօրինակ պահվածքի մասին։

Ինչեւէ, վարչապետի կողմից երկու անգամ Կարմրաքարի ու Շուռնուխի ադրբեջանական անունները տալուց հետո ճանապարհը բացվեց։ Այսինքն, վարչապետը ճանաչեց Բաքվի իրավասությունը «սահմանի» այդ հատվածում։ Մինչ այդ էլ իշխող թիմի ներկայացուցիչները հայտարարում էին, թե այդ հատվածը ԽՍՀՄ վարչական քարտեզներով պատկանում է «Ադրբեջանին»։ Սակայն մի բան է տարածքի վարչական արձանագրումը, այլ բան՝ դրա ադրբեջանական անվանման օգտագործումը։ Քաղաքականության մեջ նշանային արձանագրումները շատ ավելին են։

Այսպիսով, Սյունիքի մարզում «սահմանազատման» այս դրվագը ռուս-թուրքական ծրագրերի իրագործման մի օղակն է։

#ենթագլխավոր #մեկնաբանություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Սա Իրան-Հայաստան միջպետական ​​մայրուղին է․ Բաքուն ավելի վաղ նոտա էր հղել

Հարյուրավոր բեռնատարներ եւ մարդատար ավտոբուսներ արգելափակվել են Հայաստանում և Իրանում, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը փակել են Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի հատվածը, հայտնում են հայկական լրատվամիջոցները:

Խորհրդարանում խոսելով մայրուղու փակման մասին ՝ իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչներն այն «նրբանկատորեն» անվանել են «Գորիս-Կապան» ճանապարհ՝ ըստ ամենայնի չցանկանալով շեշտել, որ սա Իրան-Հայաստան միջպետական ​​մայրուղին է:

Միջազգային մայրուղու փակմանը Հայաստանն արձագանքում է այնպես, կարծես խոսքը միջհամայնքային ճանապարհի մասին է, և միջադեպը պետք է կարգավորեն ռուս սահմանապահները: Բայց միջպետական ​​ճանապարհն ուժով փակելը ոչ թե «եռակողմ» հարաբերությունների հարց է, այլ վերազգային կառույցների ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, դա Իրանի և Հայաստանի հարաբերությունների հարցն է:

Բաքուն երկար ժամանակ տեղեկատվական հող է նախապատրաստում՝ Իրանի և Հայաստանի միջև կապը խափանելու համար: Օգոստոսի 11-ին Բաքուն բողոքի նոտա է հղել Իրանի դեսպանին՝ կապված այն բանի հետ, որ իրանական բեռնատարները Լեռնային Ղարաբաղ են մտնում «առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության»: Բաքուն հույս էր հայտնել, որ «Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ կանխելու երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող գործողությունները»:

Ինչպե՞ս է վերաբերվում Իրանի նոր վարչակազմը ճանապարհի հարցին: Արդյոք Հայաստանի ԱԳՆ-ն խորհրդակցություններ է անցկացնում Իրանի նոր արտգործնախարարի հետ:

Հայ-իրանական սահմանը և Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունը խանգարում է ռուս-թուրքական ծրագրերին: Հայաստանի և Իրանի միջև կապը կտրելու դեպքում Հայաստանը կհայտնվի բացարձակ մեկուսացման մեջ:

#գլխավոր #մեկնաբանություն