#ենթագլխավոր

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ո՞ր դեպքում աշխատողը կարող է գնալ աշխատանքի առանց բացասական թեստի սերտիֆիկատի

ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե որ դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի վերաբերյալ սերտիֆիկատի:

Հարց. Ո՞ր դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը ներկայացնելու:

Պատասխան. Փաստագրված բացարձակ հակացուցման, հղիության, ամբողջական պատվաստվման, ինչպես նաև մեկ դեղաչափ պատվաստման դեպքում, եթե վերջիններիս դեպքում երկրորդ դեղաչափի համար կոնկրետ պատվաստանյութի սահմանված ժամանակամիջոցը չի լրացել:

#ենթագլխավոր #ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Oգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է +38․․․+40

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

#ենթագլխավոր #ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ինչ իրավիճակ է Գորիս-Կապան ճանապարհին

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը գրել է․

Տեղեկացնում եմ, որ ժամը 20:00-ի դրությամբ՝ վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել:

Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները:

#ենթագլխավոր #ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Վարչապետը տվեց ադրբեջանական անվանումները, ճանապարհը բացվեց․ Ինչ է պարզել ԱԱԾ-ն

Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը, կառավարության այսօրվա նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդպիսով, նա օգտագործել է Կարմրաքարի ու Շուռնուխի այդ հատվածների ադրբեջանական անվանումները, ընդ որում՝ երկու անգամ։

«Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք։ Եվ մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք։ Էյվազլիի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ», ասել էր նա։

Բաքվի զինվորականները ճանապարհի այդ հատվածը փակել էին այն պատճառաբանությամբ, թե իբր հայ զինվորականները հարձակվել էին իրենց ուղեկալի վրա։ ՊՆ-ն հերքել էր այդ տեղեկությունը։ Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը խորհրդարանում ասել էր, թե «եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ նաև մեզ փոխանցի։ Պատրաստ ենք համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»։

Այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, թե Բաքուն փոխանցել է այդ տվյալները։ Թե ինչ է պարզվել՝ չի հաղորդվում, փոխարենը ավելի ուշ հայտարարվեց, թե ճանապարհը բացվել է։ Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, թե ճանապարհը փակելով՝ խախտվել է ՀՀ-ՌԴ պայմանավորվածությունը։ Իսկապե՞ս հարձակում է եղել Բաքվի ուղեկալի վրա, հնարավո՞ր է՝ բախում է եղել Բաքվի եւ ռուս զինվորականների միջեւ, ինչի մասին ակնարկ կար հայկական թերթերից մեկում։ Մյուս կողմից, ակնարկվում էր ՌԴ սահմանապահների տարօրինակ պահվածքի մասին։

Ինչեւէ, վարչապետի կողմից երկու անգամ Կարմրաքարի ու Շուռնուխի ադրբեջանական անունները տալուց հետո ճանապարհը բացվեց։ Այսինքն, վարչապետը ճանաչեց Բաքվի իրավասությունը «սահմանի» այդ հատվածում։ Մինչ այդ էլ իշխող թիմի ներկայացուցիչները հայտարարում էին, թե այդ հատվածը ԽՍՀՄ վարչական քարտեզներով պատկանում է «Ադրբեջանին»։ Սակայն մի բան է տարածքի վարչական արձանագրումը, այլ բան՝ դրա ադրբեջանական անվանման օգտագործումը։ Քաղաքականության մեջ նշանային արձանագրումները շատ ավելին են։

Այսպիսով, Սյունիքի մարզում «սահմանազատման» այս դրվագը ռուս-թուրքական ծրագրերի իրագործման մի օղակն է։

#ենթագլխավոր #մեկնաբանություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Կապան-Գորիս ճանապարհը բացվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունից:

«Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»,- նշված է հաղորդագրությունում։

#ենթագլխավոր #ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Սյունիքի մարզի շրջափակման մեջ մնացած երեք գյուղերի բնակիչների առաջին անհրաժեշտության խնդիրները լուծվում են

Սյունիքի մարզի՝ շրջափակման մեջ մնացած երեք գյուղերի՝ Շուռնուխի, Որոտանի ու Բարձրավանի բնակիչների առաջին անհրաժեշտության խնդիրները լուծվում են․ Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով մատակարարվում են սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ։ Սահմանապահները ևս ներգրավված են այդ աշխատանքներին։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի հարցով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

«Մենք էլ տեղում փորձում ենք համակարգել աշխատանքները, հրատապ լուծման ենթարկա խնդիրները տեղում լուծել։ Ես Շուռնուխում էի նախորդ 24 ժամվա ընթացքում, այնտեղ կազմակերպում էինք սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների ապահովումը։ Մարդիկ գյուղապետարանում տեղեկացնում են, թե իրենց ինչ է անհրաժեշտ, այդ ինֆորմացիան փոխանցվում է մարզպետարան, և մեր աշխատանքային խմբի շրջանակներում այդ ամենը ֆինանսավորվում է։ Առավոտյան ու երեկոյան մեքենաները կհասցնեն անհրաժեշտ պարագաները»,- ասաց Ղուկասյանը։

Նրա խոսքով, մասնավորապես, դեպի Շուռնուխ շրջանցիկ ճանապարհը շատ վատ վիճակում է, հեշտ ճանապարհ չէ։ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ համայնքներում բնակիչների մոտ անորոշություն կա, հարցադրում են անում՝ ի՞նչ է լինելու։ «Բայց մարդիկ ապրում են իրենց տեղում, որևէ միտում չկա, որ Շուռնուխից, Որոտանից ու Բարձրավանից մարդիկ ցանկանում են այս պահին դուրս գալ։ Կարևորը մարդիկ միասնական են, բոլոր մարտահրավերներին միասնական դիմադրում են, ես դա եմ նկատում այդ համայնքներում։ Իսկ երբ ազգը միասնական է, շատ դժվար է կոտրել։ Ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտորեն խախտել է Սյունիքի համայնքների բնակիչների իրավունքները։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այս պահին հրատապ համարվող առաջին անհրաժեշտության խնդիրները լուծենք»,- հավելեց նա։

#ենթագլխավոր #ներքինկյանք

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ալիևն ընդունում է, որ Ադրբեջանն է սեպտեմբերին սկսել պատերազմը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Գուտերեշին

Որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով, հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:

«Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար հնչեցվող ատելության խոսքին և ռազմատենչ հռետորաբանությանը՝ դեսպան Մարգարյանը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահի ս․թ․ օգոստոսի 14-ի հարցազրույցում վերջինս ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը 2020թ․ սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Նման կերպ պաշտոնապես հաստատվում են Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ խախտումները և գլոբալ համավարակի պայմաններում պատերազմի սանձազերծումը՝ ոտնահարելով նաև համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում զինված գործողությունները դադարեցնելու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչը»,- նշված է հաղորդագրությունում։

#ենթագլխավոր #քաղաքականություն